«Եթե երկիր մոլորակը գերեզմանատուն դառնա, վերջին ծաղիկ դնողն էլի հայն է լինելու։- ։

Հրանտ Մաթևոսյան

Ահա այսպես է իր հիացմունքն ու սերը դեպի իր ժողովուրդն ու երկիրը նկարագրել մեծանուն գրողը։ Եթե ետ նայենք և ուսումնասիրենք աշխարհի ներկայիս ժողովուրդների պատմությունն ու անցած ճանապարհը, ապա վստահաբար կնկատենք, որ հնագույն ժողովուրդներից շատ քչերին է հաջողվել պահպանել իրենց գոյությունը և հասնել մինչև 21-րդ դար։ Հայ ժողովուրդը դասվում է այդ եզակի ազգերի շարքին։

Դարեր շարունակ իր գայության արդար պայքարը տանող այս ազգը մինչ օրս շարունակում է մաքառել և պայքարել արևի տակ իր մի անկյունն ունենալու համար։ ։Հայ ժողովուրդը իր պատմության մեջ ունեցել է բազմաթիվ վելելքներ և վայրէջքներ, պայքարել իր կրոնի, հավատքի և ազգային ինքնության հաստատման և պահպանման համար։

Արյունով են ներկված Հայաստանի պատմության գրեթե բոլոր էջերը․ այն առ այսօր շարունակում է կանգուն մնալ իր զավակների կյանքի գնով։ Հայրենիքի հանդեպ անսահման սերը, անսասան հավատն առ Աստված և լավ կյանքի հանդեպ միշտ վառ պահած հույսն է, որ մթին ժամանակներում լույս է սփռել անորոշ ապագայի վրա։ Հայերը եղել են աշխարհի ամենահին ժողովուրդներից, իսկ Հայաստանը՝ ամենահին երկիրներից։

Հայոց ցեղասպանություն. վերապրածները հիշում են 100 տարի անց տեղի ունեցած իրադարձությունները

Պատմության թատերաբեմում շատ ժողովուրդներ են եկել ու անցել՝ անհետք ու անհիշարժան և կորել իրադարձությունների թոհուբոհում, սակայն Հայաստանը իր տեղում ամուր հողից կառչած է մնացել։ Հայ ժողովրդի հարաբերությունները հարևան երկրների հետ, մեղմ ասած չի եղել բարիդրացիական։

Բայց ոչ մի ազգ այդչափ ատելությամբ լցված չի եղել հայ ազգի հանդեպ, որքան թուրք ժողովուրդը։ Ատելության առանցքային պատճառն ու շարժառիթն առ այսօր մնում է հանելուկ հայ ժողովրդի համար։ Հենց այս անանց ատելությունն էր որ զարկ տվեց զանգվածային կոտորածի 1915 թվականին։

Հայոց ցեղասպանության սկիզբն ու շարժառիթը

1915 թվականին աշխարհը ապրում էր իր պատմության ամենարյունալի ժամանակաշրջաններից մեկը՝ առաջին համաշխարհային պատերազմի զազրելի էտապը։ Գերտերությունները պատերազմում էին միմյանց դեմ՝ ձգտելով դառնալ աշխարհի տերը։

Հայ ժողովուրդը, չունենալով պետականություն և լինելով խաղալիք հենց այդ գերտերություններյ ձեռքին, այդժամ չգիտեր, որ պետք է ապրի իր պատմության ամենաարյունալի ժամանակաշրջանը։

Օսմանյան Թուրքիայում իշխանության գլուխ կանգնած երիտթուրքերը մանրամասն մտածել և ծրագրել էին Օսմանյան տերությունում և Արևմտյան Հայաստանում բնակվող հայ ժողովրդի տեղահանումն ու կոտորածը։

Հայերի ցեղասպանությունն իրականացվել է մի քանի փուլերով, այն է, հայ զինվորների զինաթափում, տեղահանում և ապա սպանդ։

Տեսականորեն սպանդը սկսվել էր դեռևս 1894 թվականից, սակայն նման լայնամաշտաբ ձևով իրականացվել է սկսած 1915 թվականից։ Օսմանյան կայսրությունը ամեն հնարավոր ձևով փորձում էր պահպանել թուլացած կայսրության մնացորդները և դրանից ելնելով որդեգրում է պանթուրքիզմի քաղաքականությունը, որի նպատակն էր երկրի սահմանները հասցնել մինչև Չինաստան՝ իր մեջ ներառելով թուրքախոս ժողովուրդներին և ստեղծելով <<Մեծ Թուրքիա>>։

Հայերը հանդիսանում էին իրական և իսկական սպառնալիք և խոչընդոտ այդ քաղաքական պլանի իրականացման ճանապարհին։

Օսմանյան երիտթուրքերը օգտագործեցին առաջին համաշխարհային պատերազմի փաստը, որպեսզի հետագայում իրենց զազրելի ոճիրը հանրության առաջ ներկայացնեն իբրև մարտական ինքնապաշտպանական գործողություններ պատերազմի շրջանում։ Ի վերջո պատերազմի ավարտին ո՞վ է մտածում կամ հոգում այն անմեղ ճակատագրերի մասին, որոնք հավերծ կորսվել են։

Սպանդի պլանը իրենից ենթադրում էր մասսայական ձեռբակալություններ, որոնք սկիզբ առան Կոստանդնուպոլսում սպանդի հենց առաջին օրերին։ Ձեռբակալվածների շրջանում հիմնականում ազդեցիկ հայեր էին, հիմնականում մտավորականներ և արվեստի գործիչներ,որոնք լավ դիրք էին զբաղեցնում հանրության շրջանում։

Երկրորդ փուլը սկսվեց 60 հազար հայ տղամարդկանց զինակոչմամբ թուրքական բանակ, որտեղ վերջիններս պետք է կռվեին հանուն Թուրքիայի։

Հենց այդ 60 հազար հայ տղամարդիկ էլ հետագայում դաժանաբար և դավադրաբար սպանեցին հենց իրենց թուրք զինծառայակիցների կողմից։ Կոտորածի երրորդ փուլն իր մեջ ներառում էր հայ կանանց, երեխաներ և ծերերի տեղահանում դեպի Սիրիական անապատ, որտեղ էլ վերջիններս ևս սպանվեցին։

Մեծ մասը մահացավ հենց ճանապարհին՝ չդիմանալով սովին, հոգնածությանն ու տանջանքներին։ Բազմաթիվ կանայք և աղջիկներ ենթարկվեցին բռնության։ Մի քանի տասնյակ հայեր բռնի մահմեդականացվեցին։

Հայ ժողովրդի կոտորածը մարդկային կյանքերի խեղման և ֆիզիկական տանջանքների տեսանկյունից ունեցել է երեք հիմանական փուլ, սակայն վերջին փուլն է, որ ծնել է անպատժելիություն և պատճառ ու շարժառիթ դարձել աշխարհում տեղի ունեցած հետագա ոճրագործությունների համար։ Վերջին փուլը իրենց անմարդկային ոճրագործությունների, սպանդի, զանգվածային կոտորածի բացարձակ ժխտումն է թուրքական կառավարության կողմից մինչ այսօր։

Օգտագործելով իր հակահայկական քարոզչամեքենան թուրքական կառավարությունը ամեն կերպ փորձում է տեղի ունեցածը որպես պատերազմական գործություններ որակել։ Իսկ աշխարհը իր անտարբերությամբ ամեն կերպ նպաստում է դրան՝ չգիտակցելով, որ ցանկացած անպատժելիություն ծնում է նոր, ավելի սոսկալի ոճրագործություն։

Ապրիլի 24-ը որպես ցեղասպանության հիշատակի օր

20-րդ դարի առաջին ոճիրի զոհ դարձած անմեղ ճակատագրերի հիշատակի օր է նշվում ապրլի 24-ը։ Այս օրը ցանկացած հայ, աշխարհի որ ծայրում էլ որ լինի, սրտի կսկիծով և խորը ցավով է նշում, սրտի մի անկյունում վրեժի մասին փափագով։ Քչերը գիտեն, թե ինչու է հենց ապրլի 24-ը նշվում որպես հիշատակի օր։

Ապրլի 24-ին ձերբակալվել և դաժանաբար սպանվել են հայ մտավորականներ։ Օսմանյան կայսրության ծրագրի առաջնային փուլի թիրախում հայ մտավորականներն էին, քանզի այն ազգը, որ չունի մտավորական, դատապարտված է ոչնչացման և անհետացման։

Հենց այդ պատճառով էլ ապրլի 24-ը համարվեց հիշատակի օր։ Իհարկե կյանքը ապացուցեց, որ հայ ժողովրդին ուղղակի ի վերուստ տրված է ծնել հայ հանճարներ, և չնայած այն փաստին, որ գրեթե երկու հարյուր հայ մտավորական սպանվել է Մեծ Եղեռնի ժամանակ, հայ ժողովուրդը աշխարհին տվել է բազմաթիվ այլ մեծ մտավորականներ, որոնց շնորհիվ հայ արվեստը, մշակույթն ու պատմությունը լսելի և ճանաչելի են դարձել համայն աշխարհով։

Մեծ Եղեռնի զոհ են դարձել այնպիսի մեծանուն հայեր, ինչպիսիք են Դանիել Վարուժանը, Գրիգոր Զոհրապը, Սիամանթոն, Ռուբեն Զարդարյանը և շատ այլ անվանի գործիչներ։ Հայ երգի Մեսրոպ Մաշտոց Կոմիտասը, տեսնելով այդ ամեննը, խելագարվում և ի վերջո մահանում է Փարիզի հոգեբուժարանում։

Հայ ժովորդի կոտորածի ժխտումը կամ անպատժելիությունը ծնում է ավելի սոսկալի ոճիրներ

Առաջին համաշխարհային պատերազմի ավարտից հետո ողջ մնացած և տեղահանված ու աշխարհի տարբեր անկյուններ սփռված հայ ժողովուրդը լծվում է մի համընդանուր պայքարի, այն է ՝ բարձրաձայնել տեղի ունեցած ոճիրի պասին և ըստ արժանվույն պատժել դրա մեղավորներին ամբողջ աշխարհի մակարդակով։

Խեղճ հայ ժողովուրդը, սակայն, դեռ նոր պետք է գիտակցեր, որ իր պայքարը ձգվելու է մինչև մեկ դար՝ այդպես էլ իր արժանի պատասխանն ու փոխհատուցումը չստանալով։

Ցեղասպանության օրն առաջին անգամ պետական մակարդակով նշվել է 1965 թվականին Խորհրդային Հայաստանում, Մեծ Եղեռնի 50-ամյա տարելիցին։ Ողջ հայությունն առ այսօր սպասում է արդարության և փոխհատուցման։ Սակայն աշխարհը կարծես փակել է ականջները և չի ուզում լսել և պատժել ոճրագործներին։

Հայ ժողովրդի հանդեպ իրականացված ոճրի անպատժելիությունը հող նախապատրաստեց 20-րդ դարի երկրորդ արհավիրքի՝ հրեա ժողովրդի սպանդի համար։

1939 թվականին Լեհաստանի վրա հարձակումից առաջ գերմանական զորքերի հրամանատար Ադոլֆ Հիտլերը իր բանակին դիմել է հետևյալ խոսքերով <<Զարկե՛ք, զարկե՛ք, ի վերջո ո՞վ է հիշում հայերի ցեղասպանության մասին>>։ Ցանկացած անպատիժ արարք, որպես կանոն ծնունդ է տալիս մեկ այլ, ավելի սոսկալի և դաժան արարքի։

Սակայն արի ու տես, որ հրեա ժողովրդի հանդեպ իրականացված ոճիրը մասսայականորեն դատապարտվեց, ընդունվեց և ճանաչվեց աշխարհի կողմից, իսկ հրեա ժողոդուրդը ներկայացվեց որպես երկրորդ համաշխարհային պատերազմի սիմվոլ։ Ուրեմն ի՞նչը դրդեց աշխարհին ապրումակցել հրեաներին, իսկ հայերի կոչի ժամանակ ականջալուր չլինել։

Պատասխանն ավելի քան ակնհայտ է՝ քաղաքական շահը։ Աշխարհի գերտերությունները միավորվեցին Գերմանիային պատժելու տեսլականի շուրջ և օգտագործեցին հոլոքոստի փաստը Գերմանիային ծնկի բերելու և ոչնչացնելու համար։

Գեմանացի ժողովուրդը և կառավարությունը որակվեցին որպես ագրեսոր և ոճրագործ, իսկ հրեաները՝ տառապյալ և զոհ։ Այս ամենի ֆոնին հայերի անդադար ջանքերը մնացին ապարդյուն և անպատասխան։ Ուրեմն ի՞նչ էր մնում անելու։ Իհարկե, արդարությունն իր ձեռքը վերցնել։

Արդարության հաստատում սեփական ճանապարհով

Հայոց ցեղասպանությունն ունի մի քանի սիմվոլներ՝ իրական մարդկանին կերպաներով արտահայտված։ Աշխարհի ցանկացած հայ Սողոմոն Թեհլերյան անուն ազգանունը լսելիս լցվում է անանց հպարտությամբ և հիացմունքով։ Թեհլերյանը վրեժի իրական մարմնացումն է, ով արել է մի բան, որը այն ժամանակ թվում էր անհնարին։

Հասկանալով, որ դիվանագիտական ճանապարով արդարության հասնել հնարավոր չէ, հայ վրիժառուն որոշում է արդարությունն իր ձեռքը վերցնել և պատժել ցեղասպանության գլխավոր կազմակերպիչներից մեկին՝ Թալեաթ Փաշային, ով այն ժամանակ գտնվում էր Բեռլին քաղաքում։ Սողոմոնը ցեղասպանության վերապրողներից էր և տեսել էր իր ընտանիքի սպանդը։ Մասնակցելով <<Նեմեսիս>> գործողությանը՝ նա առաջադրանք է ստանում սպանել Թալեաթ Փաշային։

Բեռլինի Շառլոտենբուրգ թաղամասում ատրճանակի մի կրոկոցով Թեհլերյանը սպանում է ոճրագործին՝ դառնալով հայ ժողովրդի վրեժի խորհրդանիշ։ Թեհլերյանը հետագայում արդարացվում է Գերմանական դատարանի կողմից։

Ցեղասպանության հետքերով մինչև 21-րդ դար

Հայ ժողովրդի հանդեպ խորը ատելությունն առ այսօր իր սրտում պահած է ապրում թուրք ազգը՝ գաղափարի շուրջ միավորելով նաև Ադրբեջանին։ Թվում էր, թե իր գոյության պայքարը ավարտվել է հայ ժողովուրդը, սակայն ժամանակը ցույց է տալիս, որ թուրք ազգը չի ընկրկում նպատակի առաջ և չի մոռացել իր պանթուրքիզմի գաղափարախոսությունը։

Միգուցե 21-րդ դարում փոքր ինչ բարդ կլինի բացահայտ կոտորած իրականացնել հայերի հանդեպ, ուստի Թուրքիան որոշել է դա անել Ադրբեջանի միջոցով։ 2020 թվականի հայ-ադրբեջանական պատերազմի հիմնական <<հովանավորը>> հենց Թուրքիան էր, ով շարունակաբար զինում էր իր եղբայրական ընկեր պետությանը և ուղարկում ոչնչացնելու հայ ժողովրդին՝ Ղարաբաղյան հարցը շարժառիթ դարձնելով։Ադրբեջանի սպառազինության գերակշիռ մասը ուղարկվում էր հենց Թուրքիայից։

Ուղղակի կերպով պատերազմի հրահրիչներից գլխավորը հենց Թուրքիան է, որը դարեր շարունակ հետապնդում է միայն մեկ նպատակ՝ մաքրել հայերին Կովկասյան տարածաշրջանից և միավորել բոլոր մահմեդական ժողովուրդներին։

Իր վաղեմի երազանքի ճանապարհին Հայաստանն ու հայ ժողովուրդը հացի մի կտոր են, որը կանգնել է նրա կոկորդին և ոչ մի կերպ կուլ չի գնում։ Իսկ դրա համար Թուրքիան օգտագործում է այլընտրանքային ճանապարհ՝ Ադրբեջանին որպես գործիք օգտագործելով։

Թուրքական քաչոզչամեքենան մինչ այսօր ժխտում է տեղի ունեցած ոճիրը և հայերին ներկայացնում իբրև ագրեսոր ազգ։ Չնայած մի ամբողջ դար տևած պայքարին՝ հայ ժողովուրդը առ այսօր չի կորցնում իր հավատը և լիահույս սպասում է, որ աշխարհը անտարբեր չի լինի մեր ցավին, տանջանքներին ու տառապանքին։

Սերունդներ, որոնք զինվել են խաչով և սրով, հաղթել են դարերին անպարտ և հասել մինչև մեր օրեր իրավունք ունեն տեսնելու և վայելելու արդարության համը, իրավունք ունեն պահանջելու պատժել մեկ ու կես միլիոն անմեղ զոհերին դաժան և անարդար մահվան դատապարտած պետությանը։

Ցեղասպանության արդյունքում այսօր 10 միլիոն հայ սփռված է ողջ աշխարհով՝ լիահույս, որ մի օր կվերադառնա հայրենիք, հայրենիք, որ իրենցից խլել են դեռևս մեկ դար առաջ, որ կապրի ևս մեկ գարուն, գարուն,որ այդպես էլ մնաց անավարտ և ներկվեց անմեղ մարդկանց արյամբ ու տառապանքով

21-րդ դար, 2023 թվական, ապրիլ ամիս, ողջ հայությունը սպասում է արդարության մինչև այսօր