4506 քառ․ կմ տարածք եւ 153 հազար բնակչություն ունեցող Սյունիքի մարզում հետպատերազմյան զարգացումները 2021թվ մայիսի 12-ից նոր ընթացք ստացան։ Ռազմավարական գերկարեւոր նշանակություն ունեցող ու Հայաստանի հարավում գտնվող Սյունիքը, որը սահմանակից է Իրանին, արեւմտյան կողմից՝ Նախիջեւանին, արեւելքից՝ Արցախին (մինչեւ 2020 թ․ արցախյան պատերազմը), իսկ հյուսիսից՝ Վայոց ձորին, պարզվում է չունի կահավորված դիրքեր պատերազմից հետո։
Այս մասին հայտնի դարձավ մայիսի 12-ին, երբ Սյունիքի մարզում, Սև լճի տարածքից ադրբեջանցիները անցան Հայաստանի պետական սահմանը, խորացան 3 կիլոմետր դեպի Վերիշենի բնակավայր ու զորք կուտակեցին Սեւ լճի ափին։ Տվյալ լճի 30 տոկոսը գտնվում է Ադրբեջանի, իսկ ի 70 տոկոսը՝ Հայաստանի վերահսկողության տակ։ Փաստացի, Սյունիքի հատվածում Հայաստան-Ադրբեջան սահմանն անցնում է հենց լճի վրայով։
Սյունիքյան իրադարձությունների ժամանակագրությունը
Մայիսի 5-ի երեկոյան ժամը 17։00-ին (Երեւանի ժամանակով) լրատվամիջոցներն առաջին անգամ ահազանգեցին՝ գիշերվա ընթացքում ադրբեջանցիները սողոսկել են Սյունիքի մարզ ու զբաղեցրել են Սև լճի տարածքը։
Նույն օրը, ժամը 18:00-ին, Սյունիքի մարզպետարանը հայտարարեց, որ լուրն ապատեղեկատվություն է, եւ ինչպես խորհրդային տարիներին, հայ-ադրբեջանական սահմանագիծը անցնում է լճի տարածքով, եւ կողմերից յուրաքանչյուրը վերահսկում է իր հատվածը։
Մայիսի 11-ին Ալիևը հայտարարեց, որ «Նախիջեւանից Ադրբեջանը բաժանող Զանգեզուրի 40 կիլոմետրանոց միջանցքը բացվելու է»։
Մայիսի 12-ին, ժամը 13․00-ին լրատվամիջոցները միաբերան ահազանգեցին՝ ադրբեջանցիները Սյունիքի մարզի Իշխանասարի ուղղությամբ հարձակում են նախաձեռնել։
Լուրի հրապարակումից րոպեներ անց Սյունիքի փոխմարզպետ Կարո Ավանեսյանը հերքեց մամուլում շրջանառվող լուրերը եւ հայտարարեց, որ Սեւ լճի ուղղությամբ ընդհամենը սահմանային ճշգրտումներ են տեղի ունենում։
Ժամը 13։15 մարզպետին շտապեց հերքել Վերիշեն բնակավայրի ղեկավար Արարատ Օրդյանն ու հայտարարեց՝ մամուլում հրատարկված լուրերը ճիշտ են՝ գիշերը հակառակորդը Սև լճի տարածքն ամբողջությամբ վերցրել է իր հսկողության տակ։
Ժամը 16։00-ին ՀՀ ՊՆ-ն հայտարարեց, որ սկսում է բանակցություններ Ադրբեջանական կողմի հետ, քանի որ մայիսի 12-ի վաղ առավոտյան, ադրբեջանական զինուժը , «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում։
Նույն ժամանակահատվածում ՀՀ ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն անդրադառնալով ադրբեջանական ռազմուժի ներթափանցմանը, ասել էր, որ Սյունիքում կա խնդիր, բայց դա այն խնդիր չէ, որի համար մարդկանց պետք է վախի մեջ պահեն: «Պրոբլեմի լուծումը շատ մոտ է»,-հայտարարել էր Քոչարյանը:
Մայիսի 12-ի երեկոյան 8-ին արդեն Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը լրատվամիջոցներին ասել էր, որ վերադարձել է Սեւ լճի տարածքից եւ հայտարարում է՝ ադրբեջանցիները հետ չեն քաշվել իրենց դիրքեր։
Մայիսի 12-ի երեկոյան ժամը 21։00-ին Անվտանգության խորհրդի նիստ հրավիրեց, որի ընթացքում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ ադրբեջանական զինուժը Սյունիքի մարզի Սև լիճ տեղանքում հատել է Հայաստանի Հանրապետության պետական սահմանը և խորացել մինչև 3,5 կիլոմետր: Լուրը հաստատվեց պաշտոնապես։
Մայիսի 13-ի երեկոյան ժամը 17։00-ին Առողջապահության նախարարությունն ահազանգեց, որ Սիսիանում 370 անձի մոտ աղիքային վարակ է արձանագրվել ջրի պատճառով։
Նույն ժամին հայտարարությամբ հանդես եկավ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, Սյունիքում ստեղծված իրավիճակը գնահատելով չափազանց մտահոգիչ․ «Իրավիճակի հետագա սրման, տարածաշրջանի առանց այն էլ զգայուն իրադրության խաթարման ողջ պատասխանատվությունը կրում է ադրբեջանական կողմը»,- ասված էր նախագահական հայտարարության մեջ:
Ժամը 18․00-ին հայտարարություն տարածեց ՀԱՊԿ-ի կայքը եւ պարզ դարձավ, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հեռախոսազրույց է ունեցել ՀՀ պաշտպանության նախարար պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանի և ԱԳ նախարար Արա Այվազյանի հետ։
«ՀԱՊԿ-ում ուշադիր հետևում են Սյունիքի մարզի սահմանամերձ շրջաններում իրավիճակի զարգացմանը, և անհրաժեշտության դեպքում կձեռնարկվեն Կոլեկտիվ անվտանգության Պայմանագրով ու ՀԱՊԿ Կանոնադրությամբ նախատեսված քայլեր», – ասվել էր Կազմակերպության հաղորդագրությունում:
Ժամը 20։00-ին Նիկոլ Փաշինյանը հրավիրեց նոր ԱԽ նիստ, որի ընթացքում ասաց, որ Հայաստանը պատրաստվում է դիմել ՀԱՊԿ-ին, քանի, որ, ըստ նրա, իրավիճակը պայթունավտանգ է։
Մայիս 14-ի առավոտյան ՊՆ-ից լրատվամիջոցներին տեղեկացվեց, որ Հայկական կողմն իր պահանջներն է ներկայացրել ադրբեջանցիներին եւ վերջիններս սպասում են հրամանի։
ՀՀ ՊՆ-ն խուսափել էր հայտնել, թե ինչ ձևաչափով են ընթացել բանակցությունները եւ ովքեր են մասնակցել Պաշտպանության նախարարությունից։
Ժամը 14-ին հայտարարություն տարածվեց, որ Խորհրդարանական ընդդիմադությունը արտահերթ նիստ անցկացնելու առաջարկով ստորագրություններ է ուղարկել ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին։
86 «կողմ» ձայնով Ազգային ժողովը ընդունեց ՀՀ տարածքային ամբողջականության նկատմամբ Ադրբեջանի ոտնձգություններին առնչվող հայտարարություն, նշելով, որ ադրբեջանական զինուժի 250 հոգի ապօրինի ներխուժել է ՀՀ-ի տարածք։
Ժամը 15․00-ին փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանն անդրադառնալով Սյունիքի Սև լճի տարածքում տիրող իրավիճակին, ասել էր, որ պետք է պատրաստ լինել նաև հնարավոր վատ զարգացումներին, վատ սցենարի դեպքում ակնկալվում է դաշնակիցների աջակցությունը։
Նույն ժամանակահատվածում, Սյունիքի սահմանում հայ-ադրբեջանական բանակցությունները սկսեց կոորդինացնել ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար Ռուստամ Մուրադովը։
Ժամը 21։30-ին ՊՆ-ն հայտարարություն տարածեց, որ բանակցություններն արդյունք չեն տվել եւ դրանք շարունակվելու են մայիսի 16-ին, ժամը 14։00-ին։
Մայիսի 16-ին, Ժամը 10-ին պարզ դարձավ, որ 15000 զինծառայողի ներգրավմամբ մեկնարկել են Ադրբեջանական զինուժի զորավարժությունները եւ դրանք կշարունակվեն մինչև մայիսի 20–ը։
Արդեն ժամը 11-ին, պարզ դարձավ, որ գիշերը Սյունիքում ադրբեջանական զինուժը փորձել է թիկունքային ապահովման աշխատանքներ իրականացնել։ Ըստ ՊՆ-ի պաշտոնական հաղորդագրության, այն կանխվել էր հայկական ստորաբաժանումների կողմից։
Ժամը 19։10-ին Գորիս համայնքի ղեկավարի տեղակալ Մենուա Հովսեփյանը հայտարարեց, որ գեներալ Մուրադովի մասնակցությամբ բանակցությունները վերսկսվել եւ ավարտվել են։ Բանակցությունների մանրամասները պահվում են գաղտնի։
22։00-ին Սյունիքի նախկին մարզպետ, «Վերածնվող Հայրենիք» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը, տեղեկացրել է, որ իր ունեցած տեղեկություններով՝ Սյունիքի մարզում ադրբեջանական չորս դիրք է լինելու` յուրաքանչյուրում 15֊ական զինվոր։
Լուրի պաշտոնական հերքում կամ հաստատում մայիսի 16-ի դրությամբ, այդպես էլ չեղավ։
Ադրբեջանական արձագանքներն այս ընթացքում
Մայիսի 15-ին Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Տաջիկստանի ԱԳ նախարար Սիրոջիդին Մուխրիդդինի հետ հեռախոսազրույցի ընթացքում, մեկնաբանալենով Հայաստանի դիմումը ՀԱՊԿ-ին, ասել է, որ Երևանի դիմումը ՀԱՊԿ-ին՝ կապված սահմանին ստեղծված իրավիճակի հետ, անհիմն է և գործընթացը քաղաքականացնելու փորձ։
Մայիսի 16-ի առավոտյան Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարել էր, որ մեկնարկել են ադրբեջանական զինուժի զորավարժությունները, որի ընթացքում գործարկվելու է զրահատեխնիկա, ռազմական ավիացիա և անօդաչու թռչող սարքեր։
Ժամը 13-ին, մեկնաբանելով Հայաստանի հայտարարությունները հայ-ադրբեջանական սահմանի վերջին միջադեպերի վերաբերյալ, Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Լեյլա Աբդուլաևան խորհուրդ է տվել ճանաչել միջազգային սահմանի երկայնքով միջպետական սահմանային ռեժիմի իրականությունը, թույլ չտալ իրավիճակի չհիմնավորված սրում տարածաշրջանում և կառուցողական կերպով լուծել ադրբեջանական կողմի հետ սահմանային հարցերը երկկողմ խողովակներով։
Միջազգային արձագանքը Սյունիքի սահմանային խնդրին
Մայիսի 13-ին կոնգրեսական Ադամ Շիֆը Սյունիքի մարզ ադրբեջանական ուժերի ներխուժման կապակցությամբ դիմեց ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմին։ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամը հայտարարել էր, որ ժամանակն է, որ ԱՄՆ-ը գիտակցի՝ մեր քաղաքականությունը աջակցել է Ադրբեջանի նախագահին գնալ ռազմական սրման, որը հղի է նոր պատերազմի վտանգով։
Մայիսի 14-ին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը առաջարկեց սահմանային լարվածության հարցը տեղափոխել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ եւ անհրաժեշտության դեպքում ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին՝ ՄԱԿ-ի մանդատով։
Մայիսի 15-ին Կանադացի սենատոր Լեո Հուսակոսը Թվիթերի իր միկրոբլոգում հայտարարեց՝ ՀՀ սահմանների ոտնահարումը Ադրբեջանի կողմից վտանգավոր և ագրեսիվ գործողություն է։
Ըստ նրա՝ Ադրբեջանի այս քայլը կայուն վտանգ է ներկայացնում եւ ժողովրդավարական երկրները պետք է Հայաստանի կողքին լինեն։
Մայիսի 15-ին Հայ-ադրբեջանական սահմանի իրադարձություններին անդրադարձավ նաեւ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կոնգրեսական Բրեդ Շերմանը։ Թվիթերի միկրոբլոգում կատարած իր գրառմամբ նա կարծիք է հայտնել, որ Միացյալ Նահանգները պետք է միանշանակ դատապարտի միջազգային իրավունքի խախտումը և աշխատի Հայաստանի տարածքից ադրբեջանական զորքերի դուրսբերման ուղղությամբ։
Մայիսի 15-ին, Իսպանիայի Կոնգրեսի պատգամավոր, արտաքին գործերի հանձնաժողովի առաջին փոխնախագահ Անտոն Գոմես-Ռեինոնն էլ ասել էր, որ անհանգստությամբ է հետևում ՀՀ Սյունիքի մարզում և Սև լճում տիրող իրավիճակին։ Պատգամավորն ասել է, որ անհրաժեշտ է հարգել միջազգային իրավունքը՝ տարածաշրջանում խաղաղության և կայունության սպառնալիքներից խուսափելու համար։