«Ինձ ժողովուրդը չի ճանաչում: Ինձ նորմալ ճանաչում են իմ նեղ շրջապատի մարդիկ: Մնացյալը գիտեն ինձ մորուքով, գիտեն ջղայնացած, գիտեն քրտնած, այսօրվա եղած կերպարը դա է: Ինձնից վախենում են: Իրենց համար արջի կերպար են ստեղծել ու իրար վախեցնում են»:

Վազգեն Սարգսյան

Թվում է, Սպարապետ Վազգեն Սարգսյանի մասին հայտնի է գրեթե ամեն ինչ։ Սակայն նրա կյանքի որոշ դրվագներ, այնուամենայնիվ, գրեթե անհայտ են հանրությանը։

Ստորեւ ներկայացված է 10 փաստ` ՀՀ առաջին պաշտպանության նախարար, ռազմական ու քաղաքական գործիչ Վազգեն Սարգսյանի (1959-1999թթ) մասին։

Վազգեն Սարգսյանի կյանքում չափազանց մեծ է եղել գրականության դերը։ Նրա ստեղծագործությունները տպագրվել են «Գարուն» և «Սովետական գրականություն» ամսագրերում, «Հայաստանի աշխատավորուհի» եւ «Գրական թերթ» թերթերում

Վազգեն Սարգսյանը դպրոցը և Երևանի ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտն ավարտել է կարմիր դիպլոմով։

1979-1983թթ. Վազգեն Սարգսյանն աշխատել է Արարատի միջնակարգ դպրոցում՝ որպես ֆիզկուլտուրայի ուսուցիչ։

Վազգեն Սարգսյանը 1983-1986թթ. աշխատել է Արարատի ցեմենտի գործարանում՝ որպես կոմերիտական կազմակերպության քարտուղար:

1997թվ օգոստոսի 14-ին Վազգեն Սարգսյանը լողալով անցել է Սեւանի մի ծայրից մյուսը։ 7 կմ ջրային տարածքը նա անցել է 4 ժամ 50 րոպեում։

Սեւանը ծայրից ծայր հատելու որոշումը Վազգեն Սարգսյանը կայացրել է ակնթարթորեն՝ տպավորվելով տեսած երազից եւ հիշելով, որ ժամանակին Ադրբեջանի նախկին նախագահ Աբուլֆազ Էլիչբեյը հայտարարել էր, որ մի օր Սեւանում իր ոտքերն է լվանալու։

Սեւանի ափերից մեկում տեղադրված հուշաքարը փաստում է, որ Սպարապետ Վազգեն Սարգսյանին Սեւանում լողալիս ընկերակցել է Ռուսաստանում ցամաքային զորքերի հրամանատար Ալեքսեյ Տրիտյակովը։ Ամբողջ ճանապարհը նավակով նրանց ուղեկցել են Վազգեն Սարգսյանի զինակիցներ՝ Մովսես Գեղամգուլյանը, Սմբատ Հակոբյանը, Հակոբ Համբարձումյանը, որոնք նաեւ տեսագրել են ընթացքը։

Վազգեն Սարգսյանը երբեւէ չի տրվել զգացմունքներին, շարունակ պնդել է, որ վշտի եւ ուրախության վրա շատ քիչ ժամանակ է պետք ծախսել։ Հենց դրա շնորհիվ ամենաօրհասական պահերին նա կարողացել է վերագտնել իրեն ու կարեւոր որոշումներ կայացնել։

1997թվ սեպտեմբերի 15-ին «Չորրորդ իշխանություն» թերթում հրատարկված հարցազրույցում՝ «Ե՞րբ կամուսնանա» հարցին սպարապետը պատասխանել է, որ իր առջեւ խնդիր է դրել անել դա 1997-ին եւ կարմիր թանաքով այն գրել է իր գրքում։

Լրագրողին նա պատմել էր, որ եթե որեւէ բան կարմիր թանաքով է նշում, անպայման կատարում է։ Ավելի ուշ Վազգեն Սարգսյանը լրագրողին խնդրել էր չտպագրել այդ մասին, քանի որ տվյալ պարագայում վստահ չէր՝ կկատարի այն, թե չէ։

Վազգեն Սարգսյանը Պաշտպանության նախարար աշխատելու տարիներին օգտվել է միայն ծառայողական մեքենայից, քանի որ չի ունեցել անձնական մեքենա։ Հետագայում նրան մեքենա է նվիրել Հունաստանաբնակ Վարուժան Գնունին։ Մեքենան ծառայել է միայն ծառայողական նպատակներով՝ դիրքեր զենք տեղափոխելու համար։

Վազգեն Սարգսյանը երբեք չի ունեցել անձնական զենք։