Հայ եկեղեցին ազգային եկեղեցի է:

Գարեգին Նժդեհ

Անցյալ  Զատկի տոնի Ավագ շաբաթ օրը՝ մարտի 30-ին, Փաշինյանն իշխող «Քաղաքացիական պայմանագիր»  կուսակցության  արտաշատյան համագումարի ժամանակ զուգահեռներ անցկացնելով Հիսուս Քրիստոսի հարության ու ՔՊ կուսակցության «հարության» միջև՝ ասաց

«Երանի խաղաղարարներին, որովհետև նրանք Աստծո որդիներ պիտի կոչվեն:»

Փաշինյանին ժամանակ առ  ժամանակ համակող  ավետարանական «հայտնությունները» նորություն չեն հայ հասարակության համար, սակայն հայ-ադրբեջանական  կասկածելի հապճեպ սահմանազատմանն ու նաև արդեն՝ փաստացի սահմանագծմանը նախորդած այս  «լեռան քարոզը» բառացի կրկնվել է 2022 թվականի Զատկին նախորդած Ավագ շաբաթվա ընթացքում:  Այն օրը՝ երկու տարի առաջ, այս մարդն Ազգային Ժողովի ամբիոնից հնչեցրեց* Արցախի հարցում «նշաձողն իջեցնելու» իր տխրահռչակ թեզը, որին հաջորդեց Արցախի բլոկադան, ապա և՝ էթնիկ զտումն ու արցախցիների լիարժեք արտաքսումն իր բնօրրանից 2023-ին:

Իսկ դրանց միջև՝ 2022-ի սեպտեմբերին, տեղի ունեցավ ևս մի ադրբեջանական հարձակում Հայաստանի սուվերեն տարածքի վրա, որի արդյունքում Ջերմուկում գրավվեց ու առ այսօր ադրբեջանական տիրապետության տակ  հայտնվեց ՀՀ ինքնիշխան տարածքի մի հատվածը:

ներկայացնում ենք հայկական գյուղերի ամբողջական ցանկը, որոնք ներկայումս օկուպացված են Ադրբեջանի բռնապետական ​​ռեժիմի կողմից։

Վայոց ձոր՝ Ջերմուկ, Արարատի մարզ՝ Պարույր Սևակ, Գեղարքունիք՝ Կախակն, Կուտական, Սոթք, Կուտ, Նորաբակ, Ներքին Շորժա, Վերին Շորժա, Ակունք., Տավուշ՝ Բերքաբեր, Սարիգյուղ, Սևքար, Վազաշեն, Պառավաքար, Մովսես, Արծվաբերդ, Այգեձոր, Չինարի., Սյունիքի մարզ՝ Քաջարանց, Սալվարդ, Գորայք, Սառնակունք, Անգեղակոթ, Աղիտու, Նորավան, Վաղատին, Վերիշեն, Խոզնավար, Տեղ, Ներքին Հանդ.

Վայոց ձոր՝ ՋերմուկԱրարատի մարզ՝ Պարույր ՍևակԳեղարքունիք՝ Կախակն, Կուտական, Սոթք, Կուտ, Նորաբակ, Ներքին Շորժա, Վերին Շորժա, Ակունք.Տավուշ՝ Բերքաբեր, Սարիգյուղ, Սևքար, Վազաշեն, Պառավաքար, Մովսես, Արծվաբերդ, Այգեձոր, Չինարի.Սյունիքի մարզ՝ Քաջարանց, Սալվարդ, Գորայք, Սառնակունք, Անգեղակոթ, Աղիտու, Նորավան, Վաղատին, Վերիշեն, Խոզնավար, Տեղ, Ներքին Հանդ.

Փաստորեն, մարդն ամեն անգամ կրոնական չարագուշակ «վերբալ ծես» է անում, երբ պատրաստվում է հայրենազրկել  իրեն միամտաբար վստահած մարդկանց:

Ինչո”ւ առանց օրինական հիմքի, այն է՝ միջազգային ուժ ունեցող խաղաղության պայմանագրի, նման զարհուրելի միակողմանի զիջում կատարվեց: Եվ  ցանկացած  ողջամիտ ձայն, որ պահանջում է միակողմանի զիջում չանել առանց այն էլ գազազած վայ-հարևանին, այլ  իրական երաշխիքների հիմքեր ստեղծել, դիտվում է որպես «Կրեմլի ագենտի» ձայն: Հայաստանում հիմա ամեն մեկը մյուսին գործակալ է համարում, բայց կա ճանաչողության մի պարզ միջոց. ծառը պտղից են ճանաչում:

Ի՞նչ պտուղ է բերել « նիկոլիզմը»: Այս մարդն այդպես էլ երբեք բացատրություն չտվեց, թե խաղաղության իր «ձգտումներն» իրականացնելիս ինչու իր խոստմանը հավատարիմ չմնաց և հայ ժողովրդի համար չապահովեց  թափանցիկ բանակցային պրոցես: Փոխարենն ամբարտավան կերպով շպրտեց, թե՝ «Ինչ որ պետք ա, էն էլ բանակցում ենք:»

Փաշինյան-2020․ «Ինչ պետք է, դա էլ բանակցում ենք»։ Փաշինյան-2023․ «Ես բան չեմ բանակցել

Միամիտ մարդկանց զգացմունքների վրա խաղացող այս մարդը միջազգային հարթակներում հայերին ու Հայաստանը ներկայացրեց որպես գավառական խորմանկություն խաղացող, իր նպատակներն ու անելիքը չգիտակցող, հեղհեղուկ ու անհետևողական, բայց որ ամենակարևորն է՝ ագրեսոր երկիր՝ այդպիսով արձակելով Ալիևի ձեռքերը: «Խաղաղարար», որ դավաճանի պիտակից իբրև թե վախենալով, իսկ իրականում՝ դեռ բացահայտման սպասող իրական պատճառներից ելնելով, կանխավ տանուլ տված, կամ շանս չունեցող պատերազմ-մսաղաց էր առաջնորդում երկրի՝ բառիս բուն իմաստով, լավագույն տղերքին: «Եվ այդ մեկը դո՜ւ ես, և այդ մեկը դո՛ւ ես…»:  

ԵՎ ԱՌԱՋՆՈՐԴՈՂ ԱՅԴ ՄԵԿԸ ԴՈ՜Ւ ԷԻՐՙ, ՆԻԿՈ՛Լ:

Խաղաղարարն ու «Կրեմլի Չագենտ» նախկին լրագրողը սեփական ժողովրդին տոտալ լրատվական բլոկադայի մեջ էր պահում 2020-ի պատերազմի օրերին, սակայն դեպի ամենաթեժ մարտական հատվածներ ազատ մուտք էր ապահովում Կրեմլի պարգևին արժանացած ռուս լրտես-լրագրողի՝ Սեմյոն Պեգովի համար:

Հարցրեք նրան, թե Պեգովն ինչպես էր ազատ շրջում, և նա կճչա թե՝ երկիրը լիքն է Կրեմլի «ագենտներով»,  ապա խոնարհ ու գլխիկոր՝ կասի, որ ինքը, ցավոք, չկարողացավ նրանց դեմն առնել ու կավելացնի.  

«Երանի՜ է ձեզ, երբ ձեզ նախատեն և հալածեն և իմ պատճառով ձեր մասին ամեն տեսակ չար խոսք՝ սուտ ասեն: »,  

Այս մարդու «լեռան սև քարոզն» ինձ միայն մի բան է հիշեցնում.  2008 –ի չարաբաստիկ մարտի մեկից առաջ  Լևոն Տեր-Պետրոսյանի չարենցյան  քնարական զեղումը.

«Թող ո՛չ մի զոհ չպահանջվի ինձնից բացի…»

Պահանջվեցին բազմաթիվ անմեղ զոհեր, իսկ Տեր-Պետրոսյանը տեսախցիկի առաջ խոստովանեց, որ մարտի մեկի գիշերն առաջին անգամ կարողացել է հանգիստ քնել: Զարմանալի չէ, որ Փաշինյանը նրան իր կուռքն է համարել(ու՞մ ):

ԿԵՂԾ  ՄԱՐԳԱՐԵ, ԹԵ՞ ԿՐԿՆԱԿԻ ԳՈՐԾԱԿԱԼ

Եվ այսպես, կեղծ մարգարեն շրջում է գյուղերով ու մարգարեանում, որ եթե իրենց հողից ու ունեցվածքից չհրաժարվեն, ապա պատերազմ կլինի: Առաջարկում է վերանայել ՀՀ սահմանադրությունը, հաշվառման ենթարկել 1915-ի զոհերին, վայ-բարեփոխումներ անում՝ տեղ-տեղ փակելով ծննդատուն, թատրոն, կամ գեոդեզիական ինստիտուտ, ապա օպտիմիզացնում ԲՈՒՀ-երը՝ փորձելով ազգի մտածող հատվածին Երևանի կենտրոնից արտաքսել որքան հնարավոր է հեռու:

Հիրավի, տիեզերական մեծ բոլորաշրջանի ավարտին ենք մոտենում. և եթե երկրիս վայ-վարչապետը եկեղեցու «երանելիների»  շարքն անցնելու  հայտ է ներկայացնում, ապա  ժամանակի ակնառու հոգևորականներից մեկն  էլ պիտի հյուրընկալվի… ոչ ավելի, ոչ պակաս՝ «սթենդափ» ժանրի արտիստների «Լուրջ քասթին» **:

«Էս ամբողջ պատերազմը ճշմարտության և ստի մասին է:» ,- ասում է Տավուշի թեմի առաջնորդ Տ. Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը:

Սարդարապատում, թե այլուր՝ Հայ Առաքելական եկեղեցու պատմության ընթացքում բազում օրինակներ կան, երբ հայրենիքի օրհասական շրջանում հոգևոր դասի ներկայացուցիչները ոչ միայն հավատքի քաջալերող խոսքով, այլև զենքով կանգնած են եղել հայրենիքի ազատության համար պայքարող ժողովրդի  կողքին:

«Ինքնապաշտպանությունը հայ ժողովուրդի ՝ ահա հայ եկեղեցու նոր հավատամքը:

Գարեգին Նժդեհ 

Մենք երկիր ունենալու, ապրելու մեր իրավունքը հաստատելու համար կռիվ ունենք տալու՝ ապացուցելու մեր կամքն ու արիությունը, բայց մանավանդ՝ հոգևոր անաղարտությունը:

 Օրեր առաջ, ի պատասխան  Փաշինյանի՝ Ազգային ժողովում իր հասցեին արած «սթենդափ» և «շոու»  որակմանը՝ Բագրատ սրբազանն անգերենով հնչեցրեց  «stand-up against  the  evil», այսինքն   «սթենդափն» ընդդեմ չարիքի ձևակերպումը: Իսկ մեծագույն չարիքը հենց սուտն է:

Սուտը երկու կերպ ունի ճեղքելու գիտակցության լույս- պատնեշը. մեկը դա կիսաճշմարտությունն է, որով ժողովուրդը կերակրվել է անկախությունից ի վեր, երբ  մեր ժողովրդի ծանրագույն դիմակայության, կորուստների ու արյան գնով  մասամբ շտկված պատմական անարդարությունը ոչ միայն չամրագրվեց դիվանագիտական հաղթանակով  (խոսքս առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի և նրա «բերած» հաջորդ ղեկավարների մասին է), այլև առկախ թողնվեց այնքան, մինչև որ Խորհրդային կայսրության փլուզման հետևանքով ստեղծված պատմական պատեհ շրջանն ավարտվեց, Ադրբեջանը հզորացավ, Հայաստանը թուլացավ, իսկ մսխված հաղթանակից  այսօր մնաց Նիկոլի «Ալմա-Աթայի կոտրած տաշտակը»:

Երկրորդ կերպը տոտալ սուտն է՝ զարհուրելի կեղծիքը, որով ամեն ինչ գլխիվայր շրջվում է, և պետական դավաճանը դառնում է  «երանելի խաղաղարար»:  Զարմանալիորեն, երկրորդ կերպը՝ տոտալ սուտն ավելի արդյունավետ է, քան առաջինը:

Երեսուն տարի հայ ազգն, այնուամենայնիվ, կարողացավ տարբերել սուտն ու ճշմարտությունը, մինչդեռ  որքան զարհուրելի ու մեծ է սուտը, այնքան մարդու գիտակցությունն անպաշտպան է նման ստի դեմ:

Խելքի աշեցե՛ք. մարդը, որն իբրև թե ՀԱՊԿ-ի ու Կրեմլի դեմ է պայքարում  և այլոց է Կրեմլի «շպիոն» անվանում, ի վերջո՝  Կրեմլի գծած Խորհրդային Հայաստանի սահմաններով է երդվում՝ մսխելով արյամբ վերահաստատված պատմական արդարությունն ու կասկածի ենթարկելով պատմական Հայաստանի երազանքը, տեսիլն ու ոգին: Ի՞նչ  տեսակ վարկաբեկիչ «կոմպրոմատ» ունի Ալիևը, որ ստիպում է այս մարդուն նման միակողմանի զիջումների  գնալ:

ԻՐԱԿԱՆ ՄԱՐԳԱՐԵՆ  ՈԻ ՓԵՐԵԶԱԿՆԵՐԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Վաղամեռիկ ռեժիսոր-մուլտիպլիկատոր Ռոբերտ Սահակյանցի  «Ընտրություններ» (1993) անիմացիոն ֆիլմում (Ռուբեն Հախվերդյանի երգի հիման վրա) մարգարեական պատկերներ շատ կան, բայց այս մեկն արտահայտում է Հայաստանի  այսօրվա բուն վիճակը. երգի «Ով է տեր աստվածն, ով՝ սատանան» տողին համապատասխանում է լուսապսակով սադայելը, որ Հայաստանն իր կիթառն է սարքել, իսկ վերևում «ին-յան» խորհրդանշական ամպերն են՝ իրար ուտող սևերն ու սպիտակները:  Ինչպես ասում են՝ գտեք տասը տարբերություն:

«Հեղեղել են արյունը մեր, ավերել են օջախը մեր, և վերջը ցեղիդ առաջնորդները թշնամու հետ սեղան են նստել։ »***              

              Մուշեղ Գալշոյան,  «Ձորի Միրոն»

Թշնամու հետ սեղան է նստում միայն փերեզակը՝ այլասերված կամ առհավական ուծացման ենթարկված գավառական այն վաճառականը, որն իր մանր օգուտից բացի՝ չունի որևէ այլ սկզբունք, և պատրաստ է հանուն դրա զոհաբերել անզոհաբերելին՝ ազգի ոգին ու երազանքը:

Հիշու՞մ եք, մարդը խոստացավ այնպիսի լուծում, որն ընդունելի կլինի երեք ժողովուրդներին էլ: Այդպես միայն փերեզակը կարող էր խոսել: Իր անուն ազգանվան մեջ արտացոլված ռուսական Կրեմլի և բուն Թուրքիայի մասին մոռացավ նշել, մինչդեռ հենց նրանց ապրանքն էր վաճառում …

” … ղեկին գլուխը կը նստեցնենք մեր է՛ն ախտագին, է՛ն այլասերած, է՛ն անպէտ ծնունդները։” Ռուբեն Սևակ, «Այլասերում »

ՀԱ՛Յ, ԴԱՐԵՐ ՇԱՐՈՒՆԱԿ ՃԱՄՓԱԲԱԺԱՆԻՆ ԼԻՆԵԼՈՎ՝ ԴՈՒ ՄԱՍԱՄԲ ՈՒԾԱՑՎԵԼ, ԱՅԼԱՍԵՐՎԵԼ,  ՓԵՐԵԶԱԿ ԵՍ ԴԱՐՁԵԼ ՈՒ ԿՈՐՑՐԵԼ ՈԳԵՂԻՆՈՒԹՅՈՒՆԴ: ԵՎ ՔՈ ՄԻՋԻՑ ՄԻ ՃԱՐՊԻԿ ՓԵՐԵԶԱԿ ԴՐԱ ԱՆՈՒՆԸ ԴՐԵՑ  «ԴՈՒԽ », ՈՒ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՄԲ ԱՅՆ ՔԵԶ ՎԱՃԱՌԵՑ…

ՀԵՏԳՐՈՒԹՅՈՒՆ

Մարդը, որն իրեն հայերենի բառուբանի  ու նաև (մեղա՜, մեղա՛) ոգու «մեծ մասնագետ»  է համարում, չի կարողանում անգամ պատշաճ արտաբերել ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ երկու բառը:  Այդու՝ ունենք ոչ թե երկիր, պետություն ու հայրենիք, այլ  «Նիկոլի հանրապեյցյուն»: